«Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպությունը «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» հասարակական կազմակերպության հետ համատեղ հայտարարում է Ինտերնետ կառավարման հայկական դպրոցի 4-րդ հոսքի մեկնարկը՝ քառօրյա անվճար ծրագրով։
Թեմատիկ դասընթացներն անցկացվելու են հիբրիդ տարբերակով՝ առցանց և առերես հանդիպումների միջոցով և տարբեր ձևաչափերով՝ հարց ու պատասխան, բանավեճեր, դասախոսություններ, ազատ քննարկումներ և այլն, որոնց ընթացքում հնարավոր կլինի ամրապնդել ստացված գիտելիքները։
Դասընթացը անց է կացվելու 2020թ․ սեպտեմբերի 14-17-ը։ Դասընթացի ավարտին ուսանողները հնարավորություն կունենան ստանալու մասնակցության հավաստագիր։
Դպրոցի աշխատանքային լեզուն հայերենն է, թեև որոշ նյութեր և շնորհանդեսներ կարող են լինել անգլերեն և ռուսերեն լեզուներով:
ArmSIG Կազմակերպիչներ
Լիաննա Գալստյան
«Ինտերնետ Հանրություն» ՀԿ-ի Խորհրդի անդամ, ArmSIG հիմնադիր
Լիաննա Գալստյանը 2013 թ.-ից «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի վարչության անդամ է, 2018 թ.-ից՝ «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ի խորհրդի նախագահ։
Նա ներգրավված է հայատառ «.հայ» դոմենային անունների տիրույթի գործարկման և առաջխաղացման նախաձեռնող խմբում: 2018 թ-ից հանդիսանում է DotAsia ընկերության Տնօրենների Խորհրդի անդամ։
2014թ-ից Լիաննան Հայաստանի Ինտերնետ կառավարման հանձնաժողովի հանրային կապերի մենեջերն է: Բացի այդ, տիկին Գալստյանը SEEDIG և ArmIGF համաժողովների կազմկոմիտեի անդամ է, իսկ 2018թ-ից՝ նաև ՄԱԿ-ի կողմից հիմնադրված համաշխարհային IGF-ի խորհրդատվական խմբի անդամ (MAG)։
Տիկին Գալստյանը «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն ներկայացնում է նաև ICANN կազմակերպությունում որպես Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի Ինտերնետ օգտվողների շահերը ներկայացնող խորհրդի (APRALO) փոխնախագահ:
Քրիստինա Հակոբյան
ԻՏԿ աշխատակազմի ղեկավար
Քրիստինա Հակոբյանը դոմենային անունների գրանցումների ոլորտում է սկսած 2010 թ.-ից։ Մի քանի հայկական ռեգիստրար կազմակերպությունների զարգացման գործընթացներում ունի իր ուրույն դերը։ 2015 թ.-ից մասնակցում է բազմաթիվ տեղական և միջազգային միջոցառումների, ինչպես նաև հանդիսանում է մի շարք միջոցառումների համակազմակերպիչ (ArmSIG, N2Forum, Girls in ICT)։
2019 թ.-ից «Ինտերնետ հանրություն» ՀԿ Վարչության անդամ է և հանդիսանում է ICANN կազմակերպության Կառավարության Խորհրդատվական Կոմիտեում (GAC) Հայաստանի ներկայացուցչության խորհրդատու։ Ներկայումս աշխատում է «Ինտերնետ Տեխնոլոգիաների Կենտրոն» ՍՊԸ-ում` որպես Աշխատակազմի ղեկավար։
Սյուզան Մարուխյան
ARISC Հայաստանի մասնաճյուղի տնօրեն
Սյուզան Մարուխյանը Հարավային կովկասի ամերիկյան հետազոտական ինստիտուտի Հայաստանի մասնաճյուղի տնօրենն է և «Ուրբան» հիմնադրամի արտաքին կապերի և սոցիալական մարքեթինգի պատասխանատուն։
1994-ից ի վեր աշխատել է տարբեր միջազգային կազմակերպություններում կառավարման և վարչարարության, մարդու իրավունքների պաշտպանության, հանրային հարաբերությունների և հաղորդակցության, հետազոտությունների, սոցիալական մարքեթինգի, թարգմանության և հրատարակության ոլորտներում։
1999թ. եղել է «Ինտերնետ.am» ամսագրի գլխավոր խմբագիրը։ ISOC գլոբալ կազմակերպության և անհատական հիմունքներով անդամակցում է ICANN AT LARGE-ին (APRALO)։
Անի Դալլաքյան
«Ինտերնետ հանրություն» ՀԿ, նախագծերի ղեկավար
Անի Դալլաքյանը Ինտերնետ Կառավարման հայկական դպրոցի առաջին հոսքի ուսանողներից է: Նա աշխատում է «Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոնում» որպես նախագծերի ղեկավար:
Անին բարձրագույն կրթությունը ստացել է Հայ-Ռուսական Համալսարանի Կառավարման ֆակուլտետում 2018թ-ին և ՀՌՀ Մագիստրատուրայի «Project Management» ֆակուլտետում 2020թ-ին:
Նա հաջողությամբ մասնակցել է տարբեր տեղական և գլոբալ ծրագրերի, կատարել է բազմաթիվ կամավորական աշխատանքներ: