ԻՆՏԵՐՆԵՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑ

«Ինտերնետ Հանրություն» հասարակական կազմակերպությունը հայտարարում է Ինտերնետ կառավարման հայկական դպրոցի 2-րդ հոսքի մեկնարկը, որի տևողությունը հինգ ամիս է։
Դասընթացը կազմակեպվում է «Միացյալ Հայ Կամավորների Լիգա»-ի հետ համատեղ Հայաստանի Ամերիկյան Համալսարանում։

Ողջ դասընթացը բաժանված է վեց բաժինների՝ ներածություն, տեխնիկական, իրավական, անվտանգություն, տնտեսական և սոցիալ-մշակութային, որոնց շրջանակներում կներկայացվի, թե ինչ է ինտերնետը, ինչպես է այն աշխատում, ինչ է դոմենային անունների համակարգը, IP հասցեները, ինչ ամպային լուծումներ են տարածված, ինչպիսի կիբերհանցագործություններ են տեղի ունենում և ինչպես են պայքարում անվտանության մարմինները։ Կներկայացվեն նաև դասախոսություններ կիբերանվտանգության, սպամի և կոդավորման մասին, մարդու իրավունքները առցանց և դրանց պաշտպանության մասին, բիթքոին, բլոքչեյն տեխնոլոգիաների, արհեստական բանականության և այլ հետաքրքիր թեմաների մասին։

Թեմատիկ դասընթացներն անցկացվելու են տարբեր ձևաչափերով․ հարց ու պատասխան, բանավեճեր, վեբինարներ, ազատ քննարկումներ և այլն, որոնց ընթացքում հնարավոր կլինի կիրառել ստացված գիտելիքները։

Դասընթացը սկսվելու է 2018թ․հունվարի երկրորդ կեսից՝ շաբաթական մեկ անգամ, երեք ժամով։

Յուրաքանչյուր ամսվա վերջում պահանջվում է ներկայացնել հոդվածներ համապատասխան թեմաների շուրջ, իսկ արդեն ողջ դասընթացի վերջում ակտիվ մասնակցություն ցուցաբերած ուսանողները հնարավորություն կունենան ստանալու համապատասխան հավաստագիր։
Դպրոցի աշխատանքային լեզուն հայերենն է, թեև որոշ նյութեր և շնորհանդեսներ կարող են լինել անգլերեն լեզվով:

Դասընթացը կազմակերպվում է անվճար հիմունքներով:

2017 թվականի հուլիսի 17-ից 21-ը «Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպությունը ICANN կորպորացիայի աջակցությամբ Երևանում մեկնարկեց Ինտերնետ կառավարման առաջին հայկական դպրոցը (ArmSIG):

Դպրոցի անվճար դասընթացներին մասնակցում էին 30 ուսանողներ Հայաստանի տարբեր բուհերից, ովքեր 5 օր շարունակ ուսումնասիրում էին Ինտերնետ կառավարմանն առնչվող մի շարք թեմաներ և հարցեր։ Յուրաքանչյուր օր նվիրված էր հարցերի որոշակի շրջանակի քննարկմանը, որոնք վերաբերում էին հետևյալ ոլորտներին՝ Ինտերնետի պատմությունը (ներածություն), ենթակառուցվածք, անվտանգություն և մարդու իրավունքներ, տնտեսական ուղղվածություն, զարգացումներ, սոցիալ մշակութային ուղղվածություն։

Դասընթացը վարում էին ՏՏ ոլորտում հայտնի և փորձառու մասնագետներ, դասախոսներ և փորձագետներ ինչպես Հայաստանից, այնպես էլ նրա սահմաններից դուրս։

Դպրոցի ավարտին ուսանողներին տրվեցին դասընթացի մասնակցության համապատասխան վկայականներ։