«Ինտերնետ Հանրություն» հասարակական կազմակերպությունը հայտարարում է Ինտերնետ կառավարման հայկական դպրոցի 3-րդ հոսքի մեկնարկը, որի տևողությունը երեք օր է։ Դասընթացը ներառում է այնպիսի թեմաներ, ինչպիսիք են․ Ինտերնետ էկոհամակարգը և հիմնական մասնակից կազմակերպությունները, դոմենային անունների համակարգը և IP հասցեները, ամպային լուծումներն ու դրանց տարածումը, կիբերանվտանգությունն ու կիբերհանցագործությունները և այլն։

Կներկայացվեն նաև դասախոսություններ թվային դարում մարդու իրավունքների և անձնական տվյալների պաշտպանության մասին, մեդիա գրագիտության, հեղինակային իրավունքի, սոցիալական ցանցերի և այլ հետաքրքիր թեմաների մասին։

Թեմատիկ դասընթացներն անցկացվելու են տարբեր ձևաչափերով՝ հարց ու պատասխան, բանավեճեր, դասախոսություններ, ազատ քննարկումներ և այլն, որոնց ընթացքում հնարավոր կլինի ամրապնդել ստացված գիտելիքները։ Դասընթացը նախատեսվում է անցկացնել 2019թ․ սեպտեմբերի 11-13-ը։ Դասընթացի ավարտին ուսանողները հնարավորություն կունենան ստանալու մասնակցության հավաստագիր։

Դպրոցի աշխատանքային լեզուն հայերենն է, թեև որոշ նյութեր և շնորհանդեսներ կարող են լինել անգլերեն լեզվով:

Դասընթացը կազմակերպվում է անվճար հիմունքներով բոլոր շահառու խմբերի ներկայացուցիչների համար, սակայն տեղերը սահմանափակ են, ուստի՝ ընդունելությունը մրցութային է։ Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ս.թ. օգոստոսի 15-ը: Բոլոր ընտրված մասնակիցները կտեղեկացվեն լրացուցիչ:

ArmSIG-2018

ArmSIG-2017